Հայաստանում օրեցօր ավելանում է համակարգիչ ձեռքբերողների եւ օգտագործողների թիվը, սակայն պաշտոնական տվյալներով՝ համակարգիչների շուկան փոքրացել է։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2010 թ. Հայաստանում արտադրվել է 1700 հատ համակարգիչ։ Նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալները գրեթե նույնն են։
Ներմուծվել է 578 հազ. հատ համակարգիչ եւ դրանց բլոկներ (աղբյուր՝ Պետեկամուտների կոմիտե)։ Սակայն որքան էլ տարօրինակ է՝ համակարգիչների ներմուծումը նվազել է գրեթե 40 տոկոսով (2009 թ. ներմուծվել էր 960 հազ համակարգիչ եւ դրանց բլոկներ)։
NEWS.am-ը հարցում իրականացրեց համակարգչային խանութների շրջանում՝ պարզելու, թե աճե՞լ է արդյոք պահանջարկը համակարգիչների նկատմամբ, եւ հատկապես ո՞ր սեգմենտում։
Forсe Computers ընկերության տնօրեն Սարգիս Կնյազյանն ասաց, որ 2009թ. սեղանի համակարգիչներն ավելի մեծ պահանջարկ ունեին, սակայն ներկայումս ընդլայնվել է նոութբուքերի շուկան։ «Համակարգիչ ավելի շատ գնում են երիտասարդները, որոնք նախընտրում են նոութբուքերը»,-ասաց Ս. Կնյազյանը։ Ինչ վերաբերում է գներին, ապա նրա խոսքով՝ գները առանձնապես չեն փոփոխվել։
H computers ընկերության տնօրեն Վարազդատ Սահակյանը եւս նշեց, որ ներկայումս նոութբուքերն ավելի մեծ պահանջարկ են վայելում։ Ընդ որում՝ մոդելները կատարելագործվել են, սակայն գնային աճ տեղի չի ունեցել։
Compass ընկերության գլխավոր մենեջեր Հրանտ Մանվելյանի խոսքով՝ նոութբուքերը գնային առումով ավելի մրցունակ են, բացի այդ՝ տեսականին ավելի բազմազան է։ «Եթե մարդը պետք է նեթբուք գնի ասենք 185 հազ. դրամով, ապա 240-250 հազ. դրամով նախընտրում է նորմալ նոութբուք գնել, որի հնարավորություններն ավելի մեծ են»,-ասաց Հ. Մանվելյանը։
PC Electronics ընկերության համակարգչային օպերատոր Աիդա Գյումրիկյանն ասաց, որ գնային աճ գրեթե չի եղել, իսկ պահանջարկը գրեթե մնում է նույնը։ «Որոշակի ակտիվություն նկատվում է ապառիկի մասով, իսկ կանխիկ գործարքների ծավալները նույնն են»,-ասաց Ա. Գյումրիկյանը։ Նրա խոսքով՝ եթե բանկերն ավելի լավ պայմաններ առաջարկեն, ապա համակարգիչների վաճառքը զգալիորեն կավելանա։ Այդ խանությում առայժմ ավելի մեծ պահանջարկ են վայելում սեղանի համակարգիչներն ու նոութբուքերը։ Նոութբուքները կարելի է ձեռք բերել 268- 530 հազ. դրամով, իսկ սեղանի համակարգիչները՝ 180 հազ. դրամից սկսած։
Նշենք, որ հարցման ենթարկված մյուս խանութները եւս հիմնականում շեշտում են, որ պահանջարկը մեծ է նոութբուքերի մասով, ավելի քիչ՝ նեթբուքերի։ Համենայնդեպս՝ բոլորն էլ շեշտեցին, որ համակարգիչների նկատմամբ պահանջարկի անկում չկա, իսկ նոութբուքերի մասով կա աճ։



























