ԵՄ-ն լիովին աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Փետրվարի 26-ին ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դիվանագետը հիշեցրեց, որ անցյալ շաբաթ միջնորդներն այցելել են տարածաշրջան: Նրա խոսքով՝ տարբեր ուղղություններով կան մի քանի դրական փոփոխություններ, մասնավորապես «մենք ականատես ենք դարձել միջադեպերի աննախադեպ ցածր թվի»: Հավանաբար հակամարտության ողջ պատմության ընթացքում նման բան չի եղել»: Դրա հետ մեկտեղ երկրների ղեկավարների եւ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումների արդյունքներով կողմերը դրական են արձագանքել:

 «Սա կարեւոր է առաջընթացի համար: Սակայն բուն գործընթացը չափազանց բարդ եւ նուրբ է: Մենք՝ որպես արտաքին գործընկերներ, կարող ենք վստահել միջնորդներին, ինչն էլ անում ենք: Միեւնույն ժամանակ մենք նրանց հետ  քննարկում ենք հնարավոր մասնակցությունը, եթե իրադարձությունը դրական ուղղությամբ զարգանա», - ասաց Սվիտալսկին՝ նշելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ գործնական հանդիպումների միջեւ շփումների կարեւորությունը:

Դեսպանն ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստ կլինի  խաղաղության հաստատման դեպքում աջակցել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի վերականգնմանը: