Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարական տալու մտադրությունը մեկնաբանել է «բարի ճանապարհ» բառերով եւ խոստացել թույլ չտալ իրանցիների մոտ միջուկային զենքի հայտնվելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի երեկոյան Զարիֆը Instagram-ում հայտարարել էր իր պաշտոնից հեռանալու մասին՝ ներողություն խնդրելով աշխատանքը շարունակելու անընդունակության եւ ծառայության ընթացքում թույլ տված բոլոր սխալների համար:
Նա Իրանի ԱԳՆ-ն ղեկավարում է 2013 թվականի օգոստոսից, նրա ծառայողական ցուցակում է իրանական միջուկային ծրագրի համաձայնագրի կնքումը, որի դեմ բողոքել է Իսրայելը, եւ որից ԱՄՆ-ն հրաժարվել է նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո:
«Զարիֆը հեռացել է, եւ բարի ճանապարհ: Քանի դեռ ես այստեղ եմ, Իրանը միջուկային զենք չի ստանա»,- նշել է Նեթանյահուն Twitter-ում:
Երուսաղեմում Իրանի իշխանությանն՝ իր միջուկային հավակնություններով, տարածաշրջանային էքսպանսիայով եւ հակաիսրայելական հռետորաբանությամբ ընդունում են որպես իրենց ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիք:




























