Հայաստանը չի աջակցելու Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական «Der Standard»-ին տված հարցազրույցում:
«Մենք դեռ որոշում չենք կայացրել թեկնածուների վերաբերյալ: Բայց կապված Թուրքիայի թեկնածուի հետ, մենք հայտնել ենք, որ չենք կարող աջակցել նրան, քանի որ տարբեր միջազգային կառույցներում Թուրքիայի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ, տարբերվում են իրենց կողմնակալ մոտեցումներով եւ բաց չեն թողնում որեւէ հնարավորություն Հայաստանի դիրքորոշումների դեմ արտահայտվելու համար»,- նշել է Նալբանդյանը:
Ավստրիական թերթի հարցին, հնարավոր է արդյոք, որ Հայաստանն աջակցի Ավտրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասսնիկն իր թեկնածությանը, Նալբանդյանը դիվանագիտական պատասխան է տվել. « Դա նշանակում է, որ մյուս թեկնածուներից մեկը կարող է աջակցություն ստանալ մեր կողմից»:


























