Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին առաջարկել է հանդես գալ համատեղ նախաձեռնությամբ, այն է, ստեղծել երաժշտական խմբեր, որոնք, գարնանից սկսած, մարդկանց համար հաճելի ժամանց ապահովելու նպատակով կնվագեն մայրաքաղաքի այգիներում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Ռոբերտ Ամիրխանյանը։
Նրա խոսքով, իր եւ քաղաքապետի մտահղացումը դեռեւս նախնական փուլում է. «Կազմակերպչական մի շարք խնդիրներ կան՝ նախ պետք է համապատասխան նվագախումբ ստեղծել՝ ոչ այն է սիմֆոնիկ, ոչ այն է՝ փողային, մշակել կատարումների ցանկը եւ այլն։
«Հնարավոր է, նախագծում ներառենք էնտուզիաստների կամ երաժիշների ընտրության մրցույթ հայտարարենք, այս առումով դեռեւս ոչինչ պարզ չէ»,- նշեց երգահանը։
Ամիրխանյանն ասաց նաեւ, որ ինքն անչափ ոգեւորված է քաղաքապետի առաջարկից, «մարդկանց հոգիներին ոչ թե սպասարկման, այլ հոգեւոր երաժշտություն մատուցելու հնարավորությունից»։
Նշենք, որ օրերս կայացած մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ կոմպոզիտորը ցանկություն էր հայտնել, որ մշակույթի գործիչներին լիցենզիա տրամադրվի, նաեւ նրանց գործունեությանը գնահատական տվող հանձնաժողով ստեղծվի: Ռոբերտ Ամիրխանյանն ասել էր, որ իր այդ գաղափարի մասին պատրաստվում է բարձրաձայնել Հանրային խորհրդի նիստերից մեկի ժամանակ:





























