Իրանի ավելի քան 150 օրենսդիրներ խնդրել են նախագահ Հասան Ռոհանիին չընդունել արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հրաժարականը, տեղեկացնում է Tasnim-ը։

Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահն ասել է, որ օրենսդիրների խումբը նամակ է հղել երկրի նախագահ Հասան Ռոհանիին՝ հայտնելու իրենց աջակցությունը արտգործնախարար Զարիֆին։

Նամակում, որը ստորագրել է 150 խորհրդարանական,  նախագահին կոչ են անում չընդունել Զարիֆի հրաժարականը եւ հորդորել նրան մնալ իր պաշտոնում։

Նախօրեի երեկոյան արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը Instagram-ում հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին բարձր է գնահատել Զարիֆի գործունեությունը եւ նրա դիմակայությունն ԱՄՆ-ին։

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հերքել է ԶԼՄ տեղեկություններն այն մասին, թե նախագահն ընդունել է Զարիֆի հրաժարականը։