«Մարտի 5-ին Սոչիում սպասվող երեք նախագահների հանդիպումից առաջ մեր ակնկալիքներն ու սպասելիքները նույնն են, ինչ ունեցել ենք ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովից առաջ: 2011 թվականին ստատուս քվոյի փոփոխության որեւէ հիմք չենք տեսնում: Չեմ կարծում, թե այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հնարավոր կլինի հիմնարար փաստաթուղթ ստորագրել: Հիմնարար փաստաթուղթ կարող է ստորագրվել միայն այն ժամանակ, երբ բանակցային գործընթացին կմասնակցի ղարաբաղյան կողմը»,- անդրադառնալով մարտի 5-ին սպասվող Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպմանը՝ հայտարարել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը:

Ըստ նրա, հիմնարար փաստաթղթի ստորագրման առումով լուրջ ակնկալիքներն ուղղակի բացառվում են:

«Ներկայումս նման համաձայնագրի ստորագրումը բացառվում է հենց միայն այն պատճառով, որ կողմերի դիրքորոշումներում մերձեցում չի նկատվում: Ես համաձայն եմ Հայաստանում ԱՄՆ դեսպանի այն դիտարկմանը, թե ԼՂ հարցի միակ լուծումը խաղաղ կարգավորումն է, եւ այդ հարցում պետք է կայացվի քաղաքական որոշում:

Պետք է մեկ բան գիտակցենք. հակամարտությունները լուծվում են միայն այն դեպքում, երբ հակամարտող կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտ է տիրում: Այսօր այդ փոխվստահության մթնոլորտը ո՛չ ժողովուրդների մեջ կա, ո՛չ էլ երկրների ղեկավարների: Նախ պետք է պարզենք, թե արդյոք ադրբեջանական կողմը պատրա՞ստ է Արցախի ղեկավարների հետ ճշտել հետագա հարաբերությունները»,- ըստ «Հայոց աշխարհի», ասել է Ա.Թովմասյանը: