Մեր ուշադրության կենտրոնում են Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքները. Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ լրատվամիջոցների առջեւ իր հայտարարության ժամանակ նշեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ականատեսն ենք եղել եւ հույս ունենք, որ նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինենք այդ հարաբերությունների զարգացմանը:
Այսօրվա հանդիպման ընթացքում բանակցություններ ունեցանք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների եւ աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ: Պարոն վարչապետի հետ հանդիպմանը մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքրոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի եւ թույլ չտանք, որպեսզի որեւէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին եւ համագործակցությանը:
Մեր երկու երկրների միջեւ շատ լավ համագործակցություն է ձեւավորվել, առկա են բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, համագործակցություն կրթության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Մենք ցանկանում ենք, որ մյուս ոլորտներում էլ համագործակցությունը բարձր մակարդակի լինի:
Տնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել: Էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Իրանի միջեւ իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր: Նաեւ մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին:
Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաեւ տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթեւեկության ուղղությամբ:
Անդրադարձել ենք նաեւ գյուղատնտեսության ոլորտին: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը:
Քննարկումների մյուս թեման վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հաշվի առնելով մեր միջեւ լավ համագործակցությունը` հայտնում ենք մեր պատրաստակամությունը զարգացնելու այդ ուղղությամբ կապերը:




























