«Երեանի պետական համալսարանի գրաբարի դասախոսներից մեկն օրերս «բացակա» է դրել մի ամբողջ կուրսի` իր պարտադրած գիրքը չգնելու համար: Մեկ այլ դասախոս, դարձյալ ԵՊՀ-ից, արեւելագիտության ֆակուլտետի ուսանողներին «խոստացել է», որ ոչ մեկը «երեքի» հույս չունենա, քանի որ չեն կամեցել 7000 դրամ վատնել իր մոգոնած տրակտատի վրա: Բուհ ավարտածները հրաշալի գիտեն, որ ուսումնական գրականություն ուսանողների վրա վաճառելու լավագույն ձեւը` «նաղդելն է»:

Բավ կարեւոր չէ, թե այդ գիրքն իրենից ինչ արժեք է ներկայացնում` ֆունդամենտալ գիտական աշխատություն է, թե դասախոսի կուրսային աշխատանք: Բնականաբար, դժկամորեն, սակայն ուսանողները իրենց պարտադրած գրքերը, ի վերջո, ստիպված են լինում գնել, որովհետեւ չգնելը բացասաբար է անդրադառնում դասախոսի հետ հարաբերությունների վրա: Եթե գիրքը չեն գնում, քննական հարցերի մեծամասնութունը հենց այդ աշխատությունից է կազմվում: Մի քանի անգամ ԵՊՀ ռեկտորը ելույթների ժամանակ նշել է, որ արգելում է դասախոսներին իրենց գրքերը համալսարանում վաճառել: Սակայն ռեկտորի այդ հայտարարությունը բանի տեղ դնող չկա: Ինչպես նաեւ բանի տեղ դնող չկա կաշառակերության յուրահատուկ ձեւ համարվող անհատական պարապմունքները դադարեցնելու հրամանը»,-գրում է «Երկիր» օրաթերթը: