Հայ-ավստրիական երկկողմ հարաբերություններն ունեն չօգտագործված մեծ ներուժ: Այս մասին մարտի 1-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ինքը ջերմությամբ է հիշում անցյալ տարի Երեւան կատարած այցը, եւ Հայաստանի իր գործընկերոջ այցելությունը լավ հնարավորություն է Երեւանում մեկնարկած երկխոսությունը շարունակելու համար: Նրա խոսքով, հայ-ավստրիական հարաբերություններում հիրավի նոր էջ է բացվել եւ Ավստրիան պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու եւ խորացնելու համար:
Հայաստանի եւ Ավստրիայի հարաբերությունները խթանելու նպատակով նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման համար:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Ավստրիական կողմի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ ակնկալիքները: Նախարար Շպինդելեգերը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին եւ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը:
Հանդիպմանը մանրամասն քննարկվել է մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցությունը եւ դրանց խորացման ուղղությունները:
Գոհունակությամբ նշվել է, Երեւանում Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ավստրիական գրադարանի բացման փաստը: Նրանք մտքեր են փոխանակվել հումանիտար ոլորտում այլ ծրագրերի իրականացման ընթացքի շուրջ, Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի եւ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջեւ համագործակցության վերաբերյալ:





























