Ինտերնետում տեսանյութ է հայտնվել՝ մարտի 1-ին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիայից: Իրանում ընդդիմադիր Kaleme կայքը հաղորդում է, որ մարտի 1-ին Իրանի մայրաքաղաքում՝  Թեհրանի համալսարանից ոչ շատ հեռու բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջեւ:

Կայքի տվյալներով,  ցուցարարները ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիին աջակցող կարգախոսներ են հնչեցրել, ով նախօրեին ձերբակալվել էր եւ տեղափոխվել Խեշմաթայիե բանտ: Բանտարկվել են նաեւ ընդդիմության առաջնորդներից Մեդֆի Քարուբին եւ նրանց կանայք:

Ներքաղաքական իրավիճակն Իրանում լարվել է 2009-ի հունիսի 12-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը կասկածի տակ առավ ընտրությունների արդյունքները եւ դուրս եկավ բողոքի ակցիաների:

Պաշտոնական տվյալներով, Իրանի նախագահն այդ ընտրություններում ստացել էր քվեների 60 տոկոսը, իսկ ընդդիմադիր Միր Հոսեյն Մուսավին՝ 30 տոկոսը:

Ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ելած ցուցարարների վրա իշխանությունը կրակ բացեց, որի հետեւանքով մահացավ 30 մարդ, ավելի քան հազար մարդ ձերբակալվել էր: