Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 1-ին այցելել է Ավստրիայի խորհրդարան, հանդիպեց Խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆրից Նոյգեբաուերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ավստրական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանը վերաբերող, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի եւ Ավստրիայի պատվիրակությունների համագործակցության հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին:
Ֆրից Նոյգեբաուերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան – ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները:
Էդվարդ Նալբանդյանը նաեւ ներկա է գտնվել Խորհրդարանի լիագումար նիստին:
Առավոտյան նա ծաղկեպսակ է դրել եւ հարգանքի տուրք մատուցել ավստրիացի ականավոր գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի շիրիմին:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ Վիեննայի Մխիթարյան միաբանություն, որն այս տարի նշում է իր 200-ամյակը: Նա շրջայց է կատարել եւ ծանոթացել եկեղեցում, թանգարանում եւ գրադարանում ընթացող վերանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցել միաբանության անդամների հետ:
Այցի մեկնարկի օրը ավտրիական հեղինակավոր Der Standard օրաթերը ծավալուն հարցազրույց է հրապարակել Էդվարդ Նալբանդյանի հետ:





























