ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցրել է Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների մտավախությունները Սփյուռքի նախարարության լուծարման վերաբերյալ:
Հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա հաղորդել է, որ բառացիորեն նախօրերին այդ հարցը քննարկել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Արամ Առաջին կաթողիկոսի հետ: Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունների էությունը հանգում է Սփյուռքի նախարաության լուծարմանը եւ դրա փոխարեն ավելի ներկայանալի եւ ակտիվ կառույցի ստեղծմանը:
«Եթե նախկինում շատ նախարարներ կային եւ սփյուռքի նախարարը նախարարներից մեկն էր, այժմ ստեղծվում է բարձրագույն հանձնակատարի պաշտոն: Պաշտոնը բացառիկ է եւ նախատեսված է ընդգծել առաքելության յուրահատկությունը», - պարզաբանել է վարչապետը:
«Պետք է փորձել արդյունավետ երկխոսության կառույց ստեղծել եւ որքան հնարավոր է դրանում սփյուռքի ավելի լայն շերտեր ընդգրկել:
Հանձնակատարի պաշտոնը ավելի շատ հնարավորություններ է ընձեռում, քան նախարարի պաշտոնը: Իսկ նախարարության հիման վրա ստեղծվելու է աշխատակազմ, որը կապահովի համայնքների հետ կապը: Իմ համոզմունքն է, որ այս կերպ սփյուռքի հետ հարաբերությունները կակտիվանան: Հանձնակատարը ավելի շատ ժամանակ կունենա համայնքներում հանդիպումների համար, քննարկումն ավելի անկեղծ կլինի եւ բաց», - ասել է վարչապետը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ մինչ օրս մեր տեղեկությունները սփյուռքի ներուժի մասին ցրված եւ համակարգային չեն: Հանձնակատարի առաջին խնդիրը լինելու է այդ «ներուժի քարտեզի» ստեղծումը եւ իշխանության հետ ամենօրյա ամուր կապը:





























