Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված կազմակերպական խնդիրներ կան, որոնց կարգավորումն ընթացքի մեջ է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Կազմակերպական հարցեր են դրանք, հողերի ձեւակերպումների հետ կապված հարցեր կան: Մեղրում ազատ տնտեսական գոտու ամրացված հողամասը երկու հեկտարի չի գերազանցում, հեռանկարում նախատեսվում է, որ պետք է այդ տարածքները սկզբում տասը հետո մինչեւ հիսուն հեկտար ընդլայնման պլան ունենան, որոշակի նախապատրաստական աշխատանքներ ընթացքի մեջ են, ավարտվելուն զուգահեռ կտրվեն նաեւ շահագործման իրավունքներ»,- ասաց նախարարը։
Նա նաեւ նշեց, որ Մեղրու ազատ տնտեսական գոտում ներդրումների ու արտահանման ներուժի ռեժիմը չի տարբերվում Հայաստանում առկա պայմաններից. « Հայաստանում եղած մյուս բոլոր ռեժիմները նույնպես բավականաչափ բարենպաստ են եւ՛ ներդրումների, եւ՛ ԵԱՏՄ տարածք արտահանելու համար։ Այսինքն այդ տեսանկյունից ներդրումների պոտենցիալը ուղիղ կապված չէ նրանից, թե երբ կշահագործվի ազատ գոտին, բայց, իհարկե, ուղիղ փոխկապակցված են»։





























