«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսան որոշել է պարգեւատրել իր անդամներին. մարտի 1-ին այդ նպատակով «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում անցկացվեց մրցանակաբաշխություն։
Ըստ բորսայի պաշտոնական կայքէջի՝ բորսայի անդամներ են հանդիսանում 19 առեւտրային բանկեր եւ 6 ներդրումային ընկերություններ։
Մինչ անդամներին պարգեւատրելը՝ մրցանակներ հանձնվեցին ուսանողներին։ Երեւանյան բուհերում անց է կացվել ռեֆերատների մրցույթ՝ «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան» թեմայով։ Ուսանողական մրցույթի հաղթող ճանաչվեց Երեւանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Սալնազարյանը։
Բորսայի անդամների պարգեւատրումը անցկացվեց 4 անվանակարգով։ Առավել հետաքրքրություն էր ներկայացնում, բնականաբար, «արտարժույթի շուկա» անվանակարգը։ Բորսայի տնօրեն Արմեն Մելիքյանի պարզաբանմամբ՝ հաղթողին որոշել են մի շարք «ամենախիստ» չափանիշներով՝ առքուվաճառքի ծավալներ, աշխատանքային օրերի թիվը, արդյունավետության գործակից (այսինքն՝ եթե արտարժույթ ձեռք են բերել միջին կշռված գնից ցածր փոխարժեքով՝ ապա ստանում են դրական գնահատական)։ Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց «ՎՏԲ- Հայաստան բանկը»։
«Կորպորատիվ արժեթղթերի շուկա» անվանակարգում հաղթեց «Կապիտալ Ասեթ մենեջմենթ» ներդրումային ընկերությունը։ Ընդ որում՝ սա միակ ներդրումային ընկերությունն էր, որը հավակնել է մրցանակի։
«Պետական պարտատոմսերի շուկա» անվանակարգում առաջին մրցանակ շնորհվեց «Արմսվիսբանկին», իսկ «վարկային ռեսուրսներ» հարթակում՝ «Արդշինինվեստբանկին»։



























