«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացիկ մանրամասներն են քննարկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ասիական զարգացման բանկի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի տրանսպորտի եւ կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգը՝ մարտի 2-ին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը կարեւորել է Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության միջեւ ծավալված համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին` գոհունակություն հայտնելով ծրագրի նախագծման եւ իրականացման հարցում ԱԶԲ-ի ցուցաբերած աջակցության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հոնգ Վանգը նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանի տրանսպորտային սեկտորի զարգացմանը:
Արծարծվել են ծրագրի կառավարման ռազմավարությանն առնչվող մի շարք հարցեր:




























