Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը վերջերս հանդիպումներ է ունեցել Վարշավայի եւ Համայն Լեհաստանի Ուղղափառ Միտրոպոլիտ Սավայի, Վարշավայի Արքեպիսկոպոս Կարդինալ Կաժիմիեժ Նիչի եւ Կրակովի Արքեպիսկոպոս Կարդինալ Ստանիսլավ Ջիվիշի հետ:

Վարշավայի հայոց հովվությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարձրաստիճան հոգեւորականների հետ Հայր Սուրբը զրուցել է Հայ-Կաթոլիկ եւ Հայ-Ուղղափառ Եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող եղբայրական հարաբերությունների, ինչպես նաեւ Լեհաստանում բնակվող առաքելական ու կաթոլիկ հայկական համայնքների մասին:

Բարձրաստիճան հոգեւորականներն իրենց  շնորհակալությունն են հայտնել Գարեգին Բ-ի ողջույնների եւ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը խորհրդանշող նվերների համար: Փոխադարձաբար Տաճատ աբեղա Ծատուրյանը երախտագիտություն է հայտնել Կաթոլիկ եւ Ուղղափառ Եկեղեցիների առաջնորդներին` Լեհաստանում բնակվող հայորդիների հանդեպ դրսեւորվող ազնիվ վերաբերմունքի, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու հավատավոր զավակների համար Սուրբ Պատարագ մատուցելու նպատակով եկեղեցու տրամադրման գործում նրանց ցուցաբերած աջակցության եւ օգտակարության համար: