Հեֆեյի համալսարանից բիոտեխնոլոգները ստեղծել են նանոմասնիկներ, որոնք կարող են միանալ աչքի լուսազգայուն ռեցեպտորների հետ եւ ինֆրակարմիր գույնը տեսանելի ճառագայթման վերածել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Cell ամսագրում մկների վրա կատարված առաջին փորձերի արդյունքներին:
«Մենք ցույց ենք տվել, որ ցանցաթաղանթի ռեցեպտոր՝ ցուպիկաձեւ եւ սրվակաձեւ բջիջները կարող են միանալ մեր նանոմասնիկների հետ՝ կարողանալով տեսնել ինֆրակարմիր ճառագայթումը նրա սպեկտրի մոտ հատվածում: Մենք հավատում ենք, որ դրանք լիովին համատեղելի են նաեւ մարդկային աչքերի հետ: Դա ոչ միայն թույլ կտա սուպեր տեսողություն ստեղծել, այլեւ օգնել դալտոնիկներին, որոնք չեն կարողանում տեսնել կարմիր գույնը», — ասել է Հեֆեյի համալսարանից Տյան Սյուեն:
Մարդկանց եւ շատ այլ կաթնասունների աչքերը երկու լուսազգայուն բջիջներ ունեն՝ սրվակաձեւ եւ ցուպիկաձեւ: Սրվակաձեւ բջիջները օգնում են մեզ տարբերակել գույները, բայց դրանք աշխատում են միայն բավականաչափ վառ լուսավորության դեպքում, իսկ ցուպիկաձեւ բջիջները թույլ են տալիս տեսնել առարկաների ուրվապատկերները աստղերի կամ Լուսնի աղոտ լուսավորության դեպքում:
Վերջին տարիների փորձերը ցույց են տալիս, որ տարբեր տեսակի սրվակաձեւ բջիջները եւ նրանց գործառույթները զգալիորեն տարբերվում են տարբեր խմբերի մոտ եւ անգամ կենդանիների տեսակների մոտ. օրինակ մարդն ունի երեք տեսակի ցուպիկաձեւ բջիջ, իսկ որոշ թռչուններ եւ սողուններ՝ չորս, որոնցից մեկը նրանց թույլ է տալիս տեսնել ուլտրամանուշակագույն ճառագայթումը:




























