Կիրակի պատմական իրադարձություն է տեղի ունեցել՝ նորագույն Dragon-2-ը միացել է Միջազգային տիեզերակայանին: Ուղեւորության այդ մասն առավելագույն չափով էր մտահոգում ինչպես SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկին, այնպես էլ Ռոսկոսմոսին: Այն առաջին անգամ ուղեւորվել էր ավտոմատ ռեժիմում նոր անցախցով, որը տեղադրվել էր 2016 թվականին, հաղորդում է «360» հեռուստաալիքը:
Dragon-ը, որպես բեռնատար, բազմիցս հասել էր Միջազգային տիեզերակայան, սակայն այդ ժամանակ անձնակազմը ստիպված էր կառավարել տիեզերանավը ռոբոտացված ձեռքի միջոցով:
Համակարգն աշխատում է հետեւյալ կերպ. Crew Dragon-ը պետք է նույնականացնի ադապտերն ու միանա դրան առանց կայանի տիեզերագնացների օգնության: Ինչն այն հաջողությամբ կատարել էր:
Միացումն անխափան է ընթացել: Ճիշտ է, տիեզերակայանի ռուսական հատվածում աշխատել էր ազդանշանային համակարգը, որը վկայում էր «Էլեկտրոն-ՎՄ» թթվածնի վերարտադրման համակարգի ձախողման մասին: Տիեզերագնացները զեկուցել էին Երկիր, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ դա կեղծ ահազանգ էր: Անձնակազմն արդեն վերցրել է տիեզերանավի օդի նմուշները համոզվելու, որ դրանում վնասակար նյութեր չկան:
Այժմ Crew Dragon-ը կմնա կայանում մինչեւ մարտի 8-ը, այնուհետեւ կվերադառնա Երկիր եւ կանցնի Ատլանտյան օվկիանոս:
Տիեզերանավը հասցրել է տիեզերակայան 182 կգ սննդամթերք, գիտական սարքավորումներ եւ նյութեր: Տիեզերանավում գտնվում է նաեւ ռոբոտացված «մանեկենը»՝ Ռիփլի անունով՝ ի պատիվ «Օտարը» ֆիլմում Սիգուրնի Ուիվերի հերոսուհու:











