2010-ին Արագածոտնի մարզում վարձակալությամբ է տրվել ընդհանուր գյուղնշանակության հողերի 2,2 տոկոսը: Այս մասին նշվել է Արագածոտնի մարզպետարանում կայացած  խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել է մարզի 2011-2014թթ. զարգացման ծրագիրը: Խորհրդակցությունը ղեկավարել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը Արագածոտնի մարզպետին հանձնարարել է ձեւավորել աշխատանքային խումբ` ՏԿ նախարարության հետ ծրագիրն ու 2011 թ. աշխատանքային պլանը լրամշակելու, ինչպես նաեւ ծրագրի նկատմամբ մոնիթորինգի մեխանիզմները նույնականացնելու համար:

Քննարկվել են նաեւ համայնքային բյուջեների վերանայման հետ կապված հարցեր:

Ներկայացվել են նաեւ 2011թ. առաջին երկու ամսվա ընթացքում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Փոխվարչապետը մարզպետի ուշադրությունն է հրավիրել հատկապես հողի հարկի հավաքագրումների վրա` հորդորելով մշտական աշխատանքներ իրականացնել 2011թ. պլանավորած եկամուտների մակարդակի ապահովման ուղղությամբ:

Անդրադարձ եղավ համայնքներում վարձակալության տրվող գյուղնշանակության հողամասերի ավելացման հարցին: Արագածոտնի մարզում 2010թ-ին վարձակալությամբ է տրվել ընդհանուր գյուղնշանակության հողերի 2,2 տոկոսը: Փոխվարչապետն այս ցուցանիշը համարել է խիստ ցածր` նշելով, որ համայնքները կարող են լիարժեք օգտագործել համայնքային բյուջեն համալրելու այդ ռեսուրսը: