Երեւանի քաղաքապետարանի՝ աշակերտների թատրոններ եւ թանգարաններ անվճար աբոնեմենտներով այցելության ծրագրի շրջանակներում, Երեւանի թիվ 4 եւ 52  դպրոցների  միջին դասարանների շուրջ 70 աշակերտ մարտի 2-ին այցելել են Երեւան քաղաքի պատմության թանգարան:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դպրոցների հետ համաձայնեցված ծրագրով, սահմանված ժամանակացույցի համաձայն, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 3–6–րդ դասարանների աշակերտները Երեւան քաղաքի պատմության թանգարան կայցելեն յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին։

«Վստահ ենք, որ աշակերտները սիրով եւ հաճույքով կայցելեն ոչ միայն թատրոններ, այլեւ թանգարան։ Կրթություն ստանալը միայն դպրոցում առարկաներ սովորելը չէ. կարեւոր է ստացած տեսական գիտելիքը նաեւ դիդակտիկ միջոցներով ամրապնդելը։ Քաղաքապետարանի նախաձեռնության նպատակը երեխաներին ճշմարիտ արվեստին մոտեցնելը, ազգային արժեքների նկատմամբ սիրո եւ հավատի սերմանումն ու ամրապնդումն է։ Աշակերտը նաեւ մշակութային կրթություն պետք է ստանա»,-նշել է քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Թանգարանում երեխաների համար էքսկուրսիաները, կախված տարիքային խմբից, կազմակերպվում են խաղերի, խաղ դասերի ձեւով։ Աշակերտները հնարավորություն ունեն ծանոթանալու Երեւան քաղաքի պատմությանը՝  հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը։