Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստման միջոցառումներն իրականացրել է սեղմ ժամկետում։ Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում, «2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին» ԿԸՀ գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նրա խոսքով՝ 12 օրվա ընթացքում ընտրական գործընթացի ավելի քան 16000 կազմակերպիչ վերապատրաստում է անցել։ Բացի այդ, ընտրական գործընթացի ժամկետների խախտումներ նույնպես չեն բացահայտվել։ Ընդ որում՝ Մուկուչյանը նշել է, որ քվեարկությունից առաջ եւ հետո միջազգային եւ տեղական բոլոր դիտորդները լիարժեք մշտադիտարկել են գործընթացը։ «Այն կազմակերպված էր բաց, ներկա էին դիտորդներ եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ»,- ընդգծել է ԿԸՀ նախագահը։


























