Ադրբեջանն իր գործողություններով փորձում է վերադարձնել իր հանցագործներին՝ Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին: Մարտի 5-ին Ազգային ժողովի նիստին ելույթի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ խոսելով ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, որը գերեվարվել էր ադրբեջանաական բանակի կողմից եւ վերջերս շինծու մեղադրանքով ադրբեջանական դատարանի կողմից 20 տարվա ազատզրկման  դատապարտվել:

Աբովյանի խոսքով՝ Բաքվի նման գործողությունները կհանգեցնեն նման  հանցագործությունների հերոսացման եւ դա, ըստ նրա, ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ:

«Դա հասկանում եւ գիտակցում են նաեւ Հայաստանի իշխանությունները: Հասկանալի է, որ Ադրբեջանը կփորձի ամեն ինչ անել՝ քաղաքականապես եւս մեկ կամ անգամ երկու ռամիլ սաֆարովների «ծնելու» համար», - ընդգծեց քաղաքական գործիչը:

Նա իր գործընկերներին եւ դիվանագետներին նաեւ կոչ արեց ցանկացած հնարավորություն օգտագործել տարբեր ամբիոններից հայտարարելու եւ միջազգային հանրությանը տեղեկացնելու Կարեն  Ղազարյանի նկատմամբ իրականացված կամայականության մասին: