Վրաստանն այլ պետությունների քաղաքացիություն ունեցող կամ առանց անձը հաստատող վկայականի (դա գրեթե նույնն է, ինչ Հայաստանում սոցիալական քարտը) աշակերտներին վաուչերներ չի  տալիս: Աշակերտներն այդ պարագայում իրենք պետք է ձեռք բերեն դրանք: Բանն այն է, որ եթե աշակերտը չունի վաուչեր, նա պետք է դպրոցում սովորելու համար գումար վճարի, կամ էլ վաուչեր գնի:

Միջնակարգ կրթություն ստանալու համար գումար վճարելու պայմանին ոչ բոլորն են համաձայնում եւ դպրոցներն էլ դրանից տուժում են: Այս մասին գրում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը:

Ախալքալաքում նույն իրավիճակն է: Այստեղ այլ պետությունների քաղաքացիություն ունեցող կամ առանց անձը հաստատող վկայականի աշակերտների թիվը 1000-ի է հասնում: Կան ընտանիքներ, որոնք ունեն երկուական աշակերտ: Դպրոցականների ծնողները դեմ են գումար վճարելուն. նրանք հուսով են, այդ օրենքը շուտով կհանեն կամ մշտական բողոքներով ինչ որ բանի կհասնեն:

11-րդ դասարանի աշակերտուհի Արուսյակ Մելքոնյանը անորոշ վիճակում է գտնվում: Նա դեռ չգիտի արդյոք կշարունակի՞ դպրոցում սովորել, թե՝ ոչ, եւ ամեն օր դպրոց է հաճախում այն մտավախությամբ, որ երկրորդ օրը կարող է ինքը այլեւս աշակերտ չլինել:

«Երբ ուժի մեջ մտավ այդ օրենքը, Արուսյակի համար ուզում էինք Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերել, սակայն դրա համար պետք է փաստաթուղթ ներկայացնեմ, ըստ որի Արուսյակը չի համարվում Ռուսաստանի քաղաքացի, քանի որ նա ծնվել է Ռուսաստանում: Բազմաթիվ խնդրագրեր եմ ուղարկել Թբիլիսի, դեսպանատուն եմ գնացել, շատ փող եմ ծախսել, սակայն ոչինչ չստացվեց: Հիմա չգիտեմ, ինչ անեմ: Եթե հերթը հասնի փողը տալու վերջնաժամկետին, ստիպված Արուսյակին դպրոցից պետք է հանեմ»,-բողոքում է Արուսյակի մայրը`Սիլվա Զադոյանը:

Ախալքալաքի առաջին դպրոցի տնօրեն Նոդար Դարբինյանի խոսքով 14 աշակերտի համար դասարանները կրճատվել են: «Եթե նրանք ժամանակին վճարեին, ապա այդքան դասաժամեր չէինք կրճատի, իսկ հիմա նրանց պատճառով ուսուցիչները քիչ գումար կստանան»,- ասել է նա:

Ամենածանր իրավիճակը ստեղծվել է ռուսական դպրոցում, որտեղ սովորում է այլ պետությունների քաղաքացիություն ունեցող 80 աշակերտ: Նրանց մի մասը համաձայնել է վաուչեր գնելու պայմանին, սակայն մյուսները դեմ են: