Բանակցություններն ընթանում են, եւ ես հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում մեզ կհաջողվի այդ հարցը լուծել, որովհետեւ այն կարեւոր է ոչ միայն Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, այլեւ ընդհանրապես ԵՏՄ-ի համար: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես են ընթանում ռուսական գազի գնի նվազեցման բանակցությունները:

Փաշինյանի խոսքով՝ ԵՏՄ էությունն այն է, որ ստեղծվի միասնական տնտեսական տարածք: «Իսկ որպեսզի միասնական տնտեսական տարածքը կայանա, անհրաժեշտ է, որ էներգակիրների գները, որոնք շատ կարեւոր բաժին ունեն արտադրանքի ինքնարժեքի մեջ, հավասար լինեն, մեկը մյուսին մոտ լինեն:

Որովհետեւ եթե, օրինակ, էներգակիրների բարձր գների պատճառով միեւնույն արտադրանքի ինքնարժեքը Հայաստանում շատ ավելի բարձր լինի, քանի, օրինակ, Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, ապա դա կհարվածի ԵՏՄ էությանը: Ուստի անչափ կարեւոր է ընդգծել, որ մենք այս թեման քննարկում ենք ոչ միայն ռուսաստանցի գործընկերների հետ, այլեւ ԵՏՄ բարձրագույն տնտեսական եւ միջակառավարական խորհուրդների նիստերում, ինչպես նաեւ այլ ձեւաչափերում»,- նշել է ՀՀ վարչապետը: