Հաագայի միջազգային դատարանի դատախազությունն սկսում է Լիբիայում մարդկության դեմ գործած հանցագործությունների հնարավոր փաստերի պաշտոնական հետաքննությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ասոշեյթեդ պրեսս» գործակալությունը:

Ինչպես հայտնել է Հաագայի դատարնի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, հետաքննություն սկսելու որոշումն ընդունվել է «հասանելի տեղեկատվության նախնական հետազոտությունից» հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լիբիայում զանգվածային հուզումներն սկսվել են փետրվարի 15-ից: Ցուցարարները պահանջում են նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը, ով ղեկավարում է երկիրը 42 տարի: Քադաֆին ցուցարարների դեմ է հանել օդուժն ու բանակը, որի հետեւանքով զոհերի թիվն անցնում է հազարից: Սեփական ժողովրդի դեմ օգտագործվել են օտարերկրյա վարձկաններ:

Փետրվարի 28-ին Եվրամիությունը պաշտոնապես սանկցիա է կիրառել Լիբիայի նկատմամբ: Դրանով ծրագրվում է արգելել Լիբիա զենք-զինամթերք մատակարարումը, որը կարող է օգտագործվել բողոքի ալիքը զսպելու համար: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, կսառեցվեն Լիբիայի նախագահ Մ. Քադաֆիի ու նրա հարազատների բանկային հաշիվները:

Մարտի 1-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է  հրթիռային հարվածներ հասցնել Լիբիայի տարածքում գտնվող` Քադաֆիի հսկողության տակ եղած զինված ուժերին: