Ճապոնական Hayabusa 2 առաքելությունը կրակել է Ռյուգու աստղակերպի մակերեսի վրա (162173) հինգ գրամանոց տանտալե փամփուշտով եւ վերցրել նրա մակերեսից պոկված նյութի նմուշներ։ YouTube-ում համապատասխան տեսանյութ է տեղադրել Աերոտիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալությունը, տեղեկացնում է Լենտա. Ռու-ն։

Տիեզերական գերատեսչությունում նշել են, որ աշխատանքները հաջող են անցել։ Գիտնականները ծրագրում են ստեղծել խառնարան աստղակերպի վրա, ինչից հետո առաքելությունը կկրկնի վայրէջքը երկնային մարմնի մակերեսի վրա, որի ընթացքում երկրորդ անգամ ընդերքի նմուշ կվերցնի։

Hayabusa 2 առաքելությունը արձակվել է H-IIA 202 հրթիռով 2014 թվականին, Տանեգասիմա (Ճապոնիա) տիեզերակայանից։ Մերձերկրյա Ռյուգու աստղակերպին, որը պատկանում է Ապոլոնի խմբին, տիեզերասարքը հասել է 2018 թվականի հունիսին։ Սեպտեմբերին MINERVA (MIcro-Nano Experimental Robot Vehicle for Asteroid) II-1 կոնտեյները մի երկու ռոբոտով՝ Rover-1A եւ Rover-1B, առաջին անգամ աշխարհում փափուկ վայրէջք կատարեց աստղակերպի մակերեսին։

Աստղակերպի նմուշները Երկիր կհասնեն 2020 թվականի դեկտեմբերին։ Առաքելության նպատակն է երկրային խմբի մոլորակների ծագման հետազոտությունը։