Հայաստանում 2019 թվականի հունվար–փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.5 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, եւ սրա արդյունքում արձանագրված առեւտրի շրջանառությունը հունվար–փետրվար ամիսներին ավելացել է 35 մլրդ դամով: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին, թե ՀԴՄ կտրոն պահանջելու կոչերից հետո ինչ փոփոխություններ են նկատվել ։

«Մենք ունենք աննախադեպ մի զարգացում: 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների նկատմամբ 12.5 մլն հատ հաշվիչ դրամարկղային կտրոն ավելի է տպվել: Սրա արդյունքում հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առեւտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է: Եվ սրա արդյունքում մենք հիմա ավելի վստահ ենք նայում 2019-ին պետական եկամուտների հավաքագրման գործընթացին։ Եվ գոնե փորձագիտական տվյալներով այս գործընթացը շարունակվելու է»,–ասաց վարչապետը։

Փաշինյանը, սակայն, ավելի կարեւոր համարեց քաղաքական ուղերձը. «Մենք այսօր, ըստ էության, գործ ունենք կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք գործընկերության հետ: Հանրությունն իր գործողություններով շարունակում է վստահություն արտահայտել կառավարության, նաեւ ԱԺ-ի նկատմամբ»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին, ինչպես նաեւ գործարարներին «դարակազմիկ համագործակցության համար»: