Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի մեծամասամբ քրդերով բնակեցված Յուքսեքօվայում  100 հոգուց բաղկացած մի խումբ հարձակվել է ոստիկանության մեքենայի վրա եւ ծեծի ենթարկել ոստիկաններին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանները բերման են ենթարկել Մուհսին Դ.-ին, ով ոստիկանություն տեղափոխվելու ճանապարհին մեքենայի պատուհանից օգնություն է կանչել։ Այդ պահին անցորդները փակել են ոստիկանական մեքենայի ճանապարհը եւ հարձակվել ոստիկանների վրա։

Ոստիկաններից 3-ին հաջողվել է մի կերպ փախչել, իսկ 4-րդին  անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել եւ կարծելով, թե մահացել է՝ հեռացել են։

Հիշյալ դեպքից հետո Յուքսեքօվա են տեղափոխվել ոստիկանության հատուկ նշանակության ուժեր, սակայն տեղի քուրդ բնակչությունը նրանց եւս դիմադրություն է ցույց տվել՝  «անկոչ հյուրերի»  վրա քարեր նետելով։

Ոստիկանությունն անկարգությունների  մասնակիցների դեմ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է օգտագործել։