Հյուսիսկորեացի հաքերները կիբեռգրոհներով 2017թ. հունվար - 2018թ. սեպտեմբեր ընթացքում մոտ 570 մլն դոլար են հափշտակել, այդ թվում կրիպտոարժույթով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Nikkei թերթին։
Այս տվյալները ներկայացվում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցների կոմիտեի զեկույցում, որը կհրապարակվի մարտի ընթացքում։
Կոմիտեի փորձագետների գնահատմամբ՝ վերջին օրերին Փհենյանը նախաձեռնել է կրիպտոարժութային բորսաների հինգ հաջող կոտրում Ասիայի տարբեր երկրներում։ Բացի այդ, Հյուսիսային Կորեան կարող էր օգտագործել բլոկչեյնի տեխնոլոգիաները իր հանդեպ գործող պատժամիջոցները շրջանցելու համար։
Միեւնույն ժամանակ, հյուսիսկորեական ընկերություններն սկսել են ակտիվորեն գործի դնել աքաունթներ YouTube-ում եւ Instagram-ում, ռազմատեխնիկա վաճառելու համար, ինչը նույնպես արգելված է պատժամիջոցներով, ասվում է փաստաթղթում։ WeChat մեսենջերը, կոմիտեի տվյալներով, դարձել է եւս մեկ միջոց, որը թույլ է տալիս Հյուսիսային Կորեային իրականացնել անլեգալ առեւտուր բաց ծովում։ Մասնավորապես, դրանում գրագրության միջոցով տեղեկատվություն է փոխանցվել այն նավերի կոորդինատների մասին, որոնցից հյուսիսկորեական մոտորանավակները հետո նավթ են քաշել կամ ապրանքներ բեռնել։
Հյուսիսային Կորեայի հանդեպ գործում է այսօրվա դրությամբ ամենադաժան պատժամիջոցային ռեժիմը, որը նախատեսում է նաեւ ֆինանսական պատժամիոջոցներ, սպառազինությունների էմբարգո, հրթիռային վառելիքի, սարքավորումների եւ կրկնակի նշանակության նյութերի մատակարարման արգելք, ինչպես նաեւ երկրից ածխի, երկաթի, արճճի, ծովամթերքների եւ այլ արտադրանքի արտահանման արգելք։ Վերջին անգամ պատժամիջոցները խստացվել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ին։





























