Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերի կողմից պարբերաբար իրականացվող բարեգործական ծրագրերից հերթականն ուղղվել է Արցախի Հանրապետության ուսումնական հաստատությունների տեխնիկական վերազինմանը:
Հայաստանի բանկերի միության եւ Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության համագործակցության արդյունքում ձեւավորվել է ուսումնական հաստատությունների համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի պահանջարկը, որին հաջորդել է ՀՀ բանկերի կողմից համապատասխան պարագաների տրամադրման գործընթացը:
Ըստ նախնական պահանջարկի համակարգիչների կարիք են ունեցել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների ավելի քան 40 դպրոցներ:
Արցախի Հանրապետության կրթօջախների զարգացմանն ու սովորողների համակարգչային գրագիտության բարձրացմանը նպաստող ռազմավարական կարեւորություն ունեցող այս նախաձեռնությանը մասնակցած թվով 13 բանկերի կողմից տրամադրվել են ավելի քան 100 համակարգիչներ ու մոնիտորներ, շուրջ 2 տասնյակի չափով տպիչներ, ինչպես նաեւ պրոյեկտորներ ու այլ հարակից սարքավորումներ:
Հարկ է նշել, որ ՀՀ բանկերի կողմից ցուցաբերված աջակցության արդյունքում Արցախի ուսումնական հաստատություններին տրամադրվել է նախապես ձեւավորված պահանջարկը գերազանցող քանակությամբ տեխնիկա, որը լիովին բավարարելու է դպրոցներում համակարգչային դասընթացների պատշաճ ու լիարժեք կազմակերպմանը:
Հավելենք, որ առեւտրային բանկերի կողմից տրամադրված տեխնիկան մարտի 7-ին արդեն իսկ փոխանցվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարությանը՝ համապատասխան դպրոցներին հատկացնելու նպատակով, իսկ մի շարք բանկեր իրենց նվիրատվություններն ուղղակիորեն առաքել են Արցախի տարբեր ուսումնական հաստատություններ:





























