ՆԱՏՕ-ն չի մասնակցում որեւէ  հակամարտության կարգավորման գործընթացին: Մարտի 11-ին Երեւանում ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը` մեկնաբանելով Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ զորավարժությունները: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմամբ:

«Դա կարեւոր է ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այնպես էլ մեր դաշնակիցների համար: Մեզ ոգեւորում եւ ուրախացնում է այն, որ Հայաստանի նոր կառավարությունը նոր ջանքեր է գործադրում տվյալ քաղաքական գործընթացում, որն ուղղված է բանակցային գործընթացի զարգացմանը», -պարզաբանեց Ափաթուրայը՝ հավելելով, որ նրանց նաեւ ուրախացնում է շփման գծում լարվածության նվազեցման փաստը:

Նա նշեց, որ Դաշինքն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ ճանապարհը.

«Տվյալ հակամարտությունը չի կարելի ռազմական ճանապարհով լուծել: Եվ սա այն ուղերձն է, որը մենք ուզում ենք փոխանցել հակամարտության բոլոր կողմերին», - ասաց նա: