Իշխանությունը չի պատրաստվում կատարել Հայ ազգային կոնգրեսի կողմից մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեուն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած` 15 կետից բաղկացած  պահանջները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 3-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ «ընդդիմության պահանջները աստվածազոր հրովարտակ չէ, որ անհապաղ կատարվի»:

«Այն տասնհինգ կամ ավելի կետերը, որոնք պարտադրում են իշխանություններին, կամ արտագրված տեքստ է,  կամ արտագրված գաղափար: 1990-ին, եթե թերթերը նայեք, կտեսնեք, որ այն ժամանակվա ընդդիմությունը նույն բանն  էր ասում»,-հայտարարեց Սահակյանը: Նա նաեւ հավելեց, թե իրենք չեն հրաժարվում, որ  հասարակությանը հուզող խնդիրներ կան, գիտեն այդ խնդիրները եւ ջանքեր են գործադրում դրանց լուծման ուղղությամբ:

«Մենք կատարում ենք այն, ինչի մասին խոսում ենք բաց եւ թափանցիկ»,-հայտարարեց Սահակյանը:  Նրա խոսքով` ընդդիմությունը, փոխանակ զբաղվի լուրջ գործով, մատ է թափ տալիս: «Պետք չի մատ թափ տալ, հատկապես, եթե չունես այդ մատը»,-հայտարարեց Սահակյանը:

Նա նաեւ անդրադարձավ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, ով «տղայական» էր անվանել ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանց արձագանքը ՀԱԿ առաջ քաշած պահանջներին: «Ահա այսպիսի տղայական շարժումով էլ պիտի փորձեն ապակողմնորոշել ժողովրդին, ինչպես ապակողմոնորշեցին մարտի 1-ին»,-նկատեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը եւ հավելեց, թե երբ իշխանությունը տղայական մոտեցում է ցուցաբերել որոշ հարցերում, հաջողություն է ունեցել:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը անդրադարձավ նաեւ մարտի 17-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին, եւ նշեց, թե այդ օրը ոչ մի բան էլ չի լինելու: «Իշխանությունը ոչ մի բան չի ձեռնարկի, ինչ ձեռնարկի, ընդդիմությունն է ձեռնարկելու»,-նկատեց Սահակյանը: