Իրանի եւ Ադրբեջանի սահմանին 2 օրվա ընթացքում երկրորդ միջադեպն է տեղի ունեցել:
haqqin.az-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի սահմանապահներն անցյալ գիշեր հայտնաբերել են սահմանը խախտած 6 զինված անձի, որոնք Իրանի կողմից Ադրբեջան են ուղղվել: Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես կեսգիշերին սահմանապահ ուղեկալի տարածքում՝ Յարդիմլինի շրջանի Օստաիր գյուղի մոտ: Սահմանապահ ուղեկալը տագնապի ազդանշանով ոտքի է հանվել: Ադրբեջանցի սահմանապահները հետպանդել են սահմանը խախտողներին եւ հրամայել նրանց կանգ առնել: Սակայն հանցագործները չեն ենթարկվել եւ սկսել են կրակել:
Սահմանապահները զենք են կիրառել եւ զինված անձանցից մեկը տեղում սպանվել է: Մյուսները, օգտվելով մթությունից եւ տարածքի բարդ ռելիեֆից, հետ են փախել: Միջադեպի մասին անմիջապես հաղորդվել է իրանցի սահմանապահներին, որոնք նույնպես միացել են հանցագործների որոնումներին: Տարածքի զննման արդյունքում՝ սպանված անձի կողքին հերոինով եւ օփիումով չորս կապոց է հայտնաբերվել, մեկ որսորդական հրացան եւ փամփուշտներ:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին սահմանն ապօրինի հատելու փորձ էր ձեռնարկվել: Սահմանապահ ջոկատը հայտնաբերել էր սահմանը խախտողներին եւ փոխհրաձգություն էր սկսվել: Միջադեպի հետեւանքով սահմանապահներից մեկը մահացել էր, մեկը՝ վիրավորվել:



























