Մենք ողջունում ենք, որ առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհրդի միասնական նիստ, բայց այն, ինչ մենք եւ հանրությունը սպասում էինք, դա լիարժեք պատասխանը չստացվեց: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը եւ հնչած հայտարարությունները:

«Կարող է մոտ օրերս ասեն, բայց դա կիսատ էր, բավարար չէր»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ էին իրենք ակնկալում, որ տեղի չունեցավ, Ծառուկյանն արձագանքեց. «Արցախի մասով կիսատ մնաց: Ոչ մի լիարժեք պատասխան չեղավ Արցախի մասին: Ալիեւը լիարժեք ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, բայց մեր մասով անհասկանալի էր, լիարժեք պատասխանը չկա: Այն, որ Արցախի ժողովուրդը սպասում է, որ լիարժեք շեշտադրումը պետք է լիներ, դա չկար: 29 տարի է՝ հայ ժողովուրդը, արցախցին այդ խնդիրը լուծել է՝ միջազգային բոլոր նորմերը պահելով, եւ դե ֆակտո անկախ պետություն է։ Այսօր ինչպես Արցախն է, նույնն  էլ Ադրբեջանն է: Այդ մասին, պետության, ժողովրդի իրավունքի մասին, այդ մասին ոչ մի բան չասելով… Եթե դե յուրե Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Դիտարկմանը, որ շեշտվել է, որ Արցախի անունից պետք է Արցախը բանակցի, նա արձագանքեց. «Թող բանակցի, ո՞վ է բան ասում: Լրիվ նորմալ է ասում, բայց այն, ինչ սպասում էինք մենք, հանրությունը, դա թերի մնաց: Բայց իմ ուզածը, մեր խմբակցության եղածը չեղավ, թերի էր, միակողմանի էր»:

Հարցին, թե որն է իրենց ուզածը, նա ասաց. «Մեր ուզածն այն է, որ արցախցին, հայ ժողովուրդը այդ հարցը վաղուց լուծել է՝ միջազգային բոլոր նորմերը պահելով: Դե ֆակտո հայտարարել է որպես անկախ պետություն: Այսօր Արցախն ու Ադրբեջանը հավասար իրավունքներ ունեն եւ պետք է բանակցեն, ոչ թե միակողմանի տարածքները պետք է հանձնվեն»:

Ինչ վերաբերում է պատերազմի վտանգին, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Եթե Ադրբեջանը 20 տարի ձայն չէր հանում, նստած լռում էր, զինվելով ամեն ինչ կարգավորելով, այսօր բարձրաձայնում է եւ ոչ մի խաղաղ բանակցության մասին նա չի խոսում, միշտ ահաբեկելով զենքով: Դրա համար մեր պետության եւ Արցախի ապագայի հետ կապված խնդրում կապ չունի ընդդիմություն թե իշխանություն, ազգովի՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք պետք է միասնական լինեն, համախմբվեն եւ ինչ ունենք՝ կարճ ժամանակում պետք  է կրկնապատկենք, եռապատկենք,  ուժեղի հետ են հաշվի նստում, միակ լուծումը միասնությունն է»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, Ծառուկյանն ընդգծեց, որ այն միակողմանի եւ անընդունելի էր, որը չէր բավարարում մեր ժողովրդի հիմնական սպասելիքներին։

ՀՀ կառավարություն ընդունո՞ւմ է համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները եւ 6 տարրերը. Փաշինյանը պարզաբանեց