Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին նախազգուշացրել է մերձավորարեւելյան որոշ երկրների կողմից մշակվող «կասկածելի միջուկային նախագծերի» մասին՝ հայտնում է Tasnim-ը։

Նրա խոսքերով, նման քայլերը կարող են հանգեցնել նրան, որ ինչպես տարածաշրջանը, այդպես էլ ողջ աշխարհը բախվի սպառնալիքների հետ, որոնք ավելի վատը կլինեն, քան «Իսլամական պետությունը»։

Շամհանին ընդգծել է, որ նոր սպառնալիքների ի հայտ գալը կստիպի Իրանին վերանայել իր ռազմավարությունը եւ բավարարել երկրի զինված ուժերի պահանջները՝ հաշվի առնելով նոր սպառնալիքների բնույթն ու աշխարհագրությունը։

Թեեւ Շամհանին որեւէ երկրի անուն չի տվել, հավանաբար նկատի է ունեցել Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի կողմից միջուկային տեխնոլոգիաների փոխանցումը։

ԱՄՆ Կոնգրեսի զեկույցում նշվել էր, որ Միացյալ Նահանգները ծրագրում են սաուդցիներին փոխանցել «գերզգայուն միջուկային տեխնոլոգիաներ»։

Ներկայացուցիչների պալատի վերահսկողության եւ բարեփոխումների հանձնաժողովը փետրվարի 19-ին հրապարակել է 24 էջանոց զեկույց, որում թվարկված են Թրամփի վարչակազմի կողմից նախաձեռնված գործողությունները, որոնք ուղղված են Սաուդյան Արաբիայում ատոմային էլեկտակայաններ կառուցելու ծրագրի իրականացմանը, ինչը կարող է մեծացնել միջուկային զենքի տեխնոլոգիաների տարածման վտանգը։