Մնջախաղի պետական թատրոնի նոր թատերաշրջանը «Խաղ» ներկայացմամբ մեկնարկում է այսօր՝ մարտի 3-ին՝ կրկին «Պատանի հանդդիսատեսի» թատրոնի շենքում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։
Հարցին, թե հին ներկայացումներին զուգահեռ («Խաղը» եւս հին ներկայացում է) նոր թատերաշրջանում լինելո՞ւ են արդյոք նոր բեմադրություններ, նա պատասխանեց, որ մնջախաղի թատրոնը, եթե ոչ գարնանը, ապա աշնանը թարմ ներկայացում անպայման ունենալու է։
«Այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ընդ որում, սա մինչ այժմ եղած ներկայացումներից առանձնացող բեմադրություն է լինելու՝ մի փոքր ուրիշ ժանրում»,- նշեց Դադասյանը։
Հարցին, թե նոր թատերաշրջանում եւ նոր ներկայացման մեջ ներգրավելո՞ւ են նոր դերասաններ (նման հնարավորության մասին Դադասյանը հայտարարել էր իր վերջի ասուլիսներից մեկի ժամանակ), թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց. «Դերասանների բնական հոսք թատրոնում եղել է եւ հիմա էլ կա, բայց դրա հետ մեկտեղ մեր շարքերը համալրվում են նոր երիտասարդներով»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ցածր աշխատավարձի պայմաններում ինչպես են երիտասարդները համաձայնում աշխատել թատրոնում։ «Գիտեք, արվեստում եւ մանավանդ մնջախաղի արվեստում մնում են էնտուզիաստները։ Չնայած մեր դերասանների միջին աշխատավարճը 45-50 հազար դրամ է, սակայն դա նրանց չի խանգարում գալ եւ աշխատել թատրոնում։ Գումարի այս չափն, իհարկե, փոխհատուցում չէ նրանց հսկայածավալ աշխատանքներին»,- ասաց Դադասյանը՝ միաժամանակ հավելելով, որ իրենց աշխատավարձերը շուրջ 10-15 տոկոսով բարձրացել են։
Վերջում Ժիրայր Դադասյանը տեղեկացրեց, որ թատրոնի շենքային հարցը շարունակում է մնալ չլուծված, եւ բոլոր ներկայացումներն առաջվա նման տեղի են ունենալու «Պատանի հանդիսատեսի» թատրոնի շենքում։
Նշենք, որ Մնջախաղի պետական թատրոնի շենքային հարցը արդեն մի քանի տարի է, անլուծելի է մնում, թեպետ Մշակույթի նախարարությունը մշտապես հավաստիացնում է, որ հարցն իր ուշադրության կենտրոնում է պահում եւ առաջին հնարավորության դեպքում թատրոնին շենք կտրամադրի։



























