Վրաստանում կտրուկ թանկացել է միսը։ Այդ մասին տեղեկացնում է «Բիզնես Գրուզիա»-ն։ Ներկայումս տավարի միսը խանութներում արժե 12-13 լարի (սա համարժեք է 2500-2750 դրամին)։ Մինչ այդ տավարի միսն արժեր 8-9 լարի (1700-1900 դրամ)։

Հետաքրքիր է, որ վրացական լրատվամիջոցը, հղում անելով երկրի խոշորագույն միս արտադրող «Իբերմետ» ընկերությանը, նշում է, որ Վրաստանում մսի թանկացումը պայմանավորված է դեպի Հայաստան մսի արտահանումներով։

Եթե դա իրոք ճիշտ է, ապա հարեւան երկրում մսի թանկացումը կանդրադառնա նաեւ հայկական շուկայի վրա։ Նշենք, որ մսի գինը մեր շուկայում բավական կայուն է։ Այսօրվա տվյալներով՝ տավարի միսը վաճառվում է 1 կգ-ը 2300-2400 դրամի սահմաններում։ Չի բացառվում նույնիսկ, որ Հայաստանից սկսեն միս արտահանել դեպի Վրաստան՝ քանի որ այդ ապրանքը հիմա այնտեղ ավելի թանկ է։

Նշենք, որ ըստ պետեկամուտների կոմիտեի հրապարակման՝ Հայաստանը 2010 թ. ներմուծել է ընդամենը 123 կգ խոշոր եղջերավոր անասունի թարմ միս, եւ 6,5 հազ. կգ պաղեցված միս։

Եթե այս տվյալները ճիշտ են, ապա Վրաստանից մսի ներկրումները էական դեր չեն խաղում Հայաստանի ներքին շուկայում։