Կառավարության շենքի առջեւ այսօր՝ մարտի 3-ին տեղի ունեցած ոստիկանների ու ԱԺ «Ժառանգության» պատգամավորի միջեւ քաշքշուկի վերաբերյալ NEWS.am-ի թղթակիցը փորձել է մեկնաբանություններ լսել կառավարության անդամներից:

Մասնավորապես, ԱԱԾ  պետ Գորիկ  Հակոբյանն այդ առնչությամբ, նշել է. «Հարկավոր է դիմել ոստիկանապետին, որովհետեւ ոստիկանները ինձ չեն  ենթարկվում, պա՞րզ ա, ես երբ որ տեսնեմ իմ աչքով, էն ժամանակ իմ վերաբերմունքը ցույց կտամ»:

Իսկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Ես չեմ ուզում, որ իմ երկրում ոստիկանը ինչ-որ մեկին ընդհանրապես քաշքշի, դա լավ երեւույթ չի, բայց մյուս կողմից ես հիմա չեմ կարող ձեր հարցին հստակ պատասխանել, որովհետեւ չգիտեմ ինչ ա եղել: Ոստիկանների գործողությունը իրավաչափ ա եղել, թե իրավաչափ չի եղել, այսինքն պետք է կոնկրետ դեպքում հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»:

Սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանն էլ  ասել է, թե ամեն տեսակ քաշքշուկի դեմ է: Հարցին, թե համապատասխան տեսանյութը դիտելուց հետո հրապարակավ կդատապարտի՞ այդ բռնությունը ԱԺ պատգամավորների հանդեպ, տիկին  Հակոբյանը պատասխանել է. «Ես բոլոր կարգի բռնություններին դեմ եմ, եթե դուք ասում եք, ես պետք է հիմք ունենամ, բայց ով ուզում ա կատարած լինի, ես դատապարտում եմ բռնությունը»:

Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:

Քաշքշոցի հետեւանքով, վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները սրսկել են նրան:Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ հանդիպում պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: