Լիբիան գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ժամանակ:

«Ես գիտեմ, որ ամեն ինչ արվել է. սա մեծ ու բարդ վիրահատություն էր: Նման իրադարձությունների ժամանակ, սովորաբար,  տեղի է ունենում պետության կառավարման ամբողջական ապակազմակերպում, ինչը մենք հիմա տեսնում ենք Լիբիայում»,- նշել է նա:

Մարտի 2-ին Ռուսաստանի ԱԻՆ-ը ավարտել է Լիբիայից ՌԴ քաղաքացիների տարհանումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լիբիայում զանգվածային հուզումներն սկսվել են փետրվարի 15-ից: Ցուցարարները պահանջում են նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը, ով ղեկավարում է երկիրը 42 տարի: Քադաֆին ցուցարարների դեմ է հանել օդուժն ու բանակը, որի հետեւանքով զոհերի թիվն անցնում է հազարից: Սեփական ժողովրդի դեմ օգտագործվել են օտարերկրյա վարձկաններ:

Փետրվարի 28-ին Եվրամիությունը պաշտոնապես սանկցիա է կիրառել Լիբիայի նկատմամբ: Դրանով ծրագրվում է արգելել Լիբիա զենք-զինամթերք մատակարարումը, որը կարող է օգտագործվել բողոքի ալիքը զսպելու համար: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, կսառեցվեն Լիբիայի նախագահ Մ. Քադաֆիի ու նրա հարազատների բանկային հաշիվները:

Մարտի 1-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է  հրթիռային հարվածներ հասցնել Լիբիայի տարածքում գտնվող` Քադաֆիի հսկողության տակ եղած զինված ուժերին:

Հայաստանը Լիբիայից տարբանել է իր 4 քաղաքացիներին: