Վիեննայում մարտի 3-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոսել է ԵԱՀԿ օրակարգային խնդիրների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Խոսելով ԵԱՀԿ դերակատարության մասին Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշել է , որ Հայաստանը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել կազմակերպության գործունեության բոլոր ձեւաչափերում, ինչպես նաեւ նպաստել ԵԱՀԿ ամրագրված նպատակների եւ սկզբունքների համաձայն՝ ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, նախարար Նալբանդյանն ասել է, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են շարունակելու քայլերը ուղղված երկրում ժողովրդավարության ամրապնդմանը՝ համաձայն անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին ՀՀ նախագահի ելույթում վերահաստատված ուղենիշների. ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում, եւ եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ:
Իր խոսքում Նալբանդյանը նաեւ մանրամասն կանգ է առել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումների համընկնման, ինչպես նաեւ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վրա:
ԵԱՀԿ կենտրոնակայանում ելույթից հետո ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Բրատիսլավա՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների ընդլայնված հանդիպմանը:


























