Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում մարտի 3-ի առավոտյան մի շարք անձանց տներում խուզարկություններն ավարտվել են ձերբակալություններով, որոնց մեջ է հայտնվել նաեւ Դինքի սպանության մասին գիրք գրած, Milliyet-ի թղթակից Նեդիմ Շեները։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Նեդիմ Շեների բնակարանի խուզարկությունը ավարտելուց հետո նրան ձերբակալել եւ տեղափոխել են ոստիկանություն։ Ոստիկանական մեքենան նստելիս լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցրել են, թե ձերբակալվե՞լ է։ «Այո, Հրանտի համար, արդարության համար»,-ասել է Նեդիմ Շեները եւ նստել մեքենան։ Այդ ընթացքում փողոցում հավաքված հարեւաններն ու անցորդները ծափերով են ողջունել Շեների խոսքը։
Նշենք, որ Նեդիմ Շեների հրատարակած «Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» գիրքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որի պատճառով լրագրողի դեմ ոստիկանությունը դատական հայց էր ներկայացրել, սակայն դատարանը ի վերջո արդարացրել է նրան։



























