Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին անգամ հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Մենք քաղբանտարկյալներ չունենք: Այդ գնահատականը ես չգիտեմ, թե ում կողմից է հնչում, բայց բազմաթիվ առիթներով ասել եմ, հիմա էլ եմ ուզում ասել, որ մենք որեւէ մեկին քաղաքական հայացքների համար տրամադրված չենք կալանավորել կամ պահել: Դա մեզ ոչինչ չի տալու»,- այսօր՝ մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հովիկ Աբրահամյանն, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի հարցով համազեկուցողները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում դատարանները շատ անկախ են եւ եթե որոշեն, որ այդ մարդիկ մեղավոր չեն, ապա բաց կթողնեն:
Ինչ վերաբերում է Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարման խնդրին, Հ. Աբրահամյանը նշել է, որ դրանք պարտադրանք չեն: «Մեր բանաձեւերը, մեր պարտավորությունները, որ մենք ունենք բոլորն իրականացնելու ենք»,- ասել է նա:
Խորհրդարանի խոսնակն անդրադարձել է նաեւ ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված 15 կետից բաղկացած պահանջներին: Նա նշել է, որ դրանք կքննարկվեն, բայց դա պահանջ լինել չի կարող: «Ընդդիմության տեսակետները միշտ չեն համընկնում իշխանության տեսակետներին: Ընդհանրապես պետք է հիշել, որ պարտադրել իշխանություններին հեղափոխության կամ որեւէ պաշտոնյայի ազատելու կոչերով անընդունելի է»,- ասել է Հ.Աբրահամյանը, կոչ անելով ընդդիմությանը միասին նստել, քննարկել եւ ողջամիտ ծրագրեր առաջարկել: Հ. Աբրահամյանն նաեւ անընդունելի է համարել արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը:





























