Իր նոր գրքում Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը պնդում է, որ հրեաները կոլեկտիվ պատասխանատվություն չեն կրում Հիսուս Քրիստոսին խաչելու համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությանը:

Այդ թեզի աստվածաբանական եւ աստվածաշնչյան պնդումները տեղ են գտել նրա «Նազարեթցի Հիսուսը» անվանումով բեսթսելլերիերկրորդ հատորում, որը վաճառքի կհանվի արդեն հաջորդ շաբաթ:

Կաթոլիկ եկեղեցին համեմատաբար վերջերս է պաշտոնապես հրաժարվել հրեա ժողովրդի կոլեկտիվ պատասխանատվությունից՝ Հիսուս Քրիստոսի մահվան համար: Դա տեղի է ունեցել 1965 թվականին՝ Վատիկանի երկրորդ հավաքի ժամանակ, սակայն առաջին անգամ է, որ Հռոմի Պապը բացատրություն է տալիս դրան:

Իր գրքում նա հիշատակում է Կտակարանի այն տողը, որտեղ նշվում է, որ հրեաները հետապնդել են Հիսուսին: Ըստ Հռոմի Պապի, չի նշանակում, որ դա վերաբերում է բոլոր հրեաներին եւ այն ռասիստական բնույթ չունի: