«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) դարձել է կանանց միամսյակին նվիրված ամենամյա բարեգործական ցուցահանես-վաճառքի գործընկեր: Ցուցահանդեսը տեղի կունենա մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Բարեգործական տոնավաճառն անցկացվում է «Կանանց միջոցով եւ կանանց համար» նշանաբանի ներքո: Այն կազմակերպվում է Հայաստանում երիտասարդ կանանց սոցիալական պայմանների բարելավման նպատակով: Տոնավաճառից ստացված միջոցներն ուղղված կլինեն Երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող տնտեսության ոլորտում կանանց մասնակցությունը խթանող ծրագրերի աջակցմանը:
«Շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ եւ վստահ եմ, որ այս ցուցահանդեսը կօգնի շատ կանանց իրականացնելու իրենց գաղափարները: Տոնավաճառն ուղղված է աջակցելու փոքր եւ միջին բիզնեսի զարգացման գործում կին-գործարարների դերի բարձրացման ծրագրերին եւ մենք ուրախ ենք դառնալ այս միջոցառման գործընկերը», - նշել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն կանայք Երեւանից եւ մարզերից, ինչպես նաեւ կանանց համար կիրառական եւ դեկորատիվ ապրանքներ արտադրողները: Բացի այդ, ցուցահանդեսի ավարտին կանցկացվի բարեգործական վիճակահանություն:





























