Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կարեւոր են ողջ տարածաշրջանի եւ Հայաստանի համար։ Այս մասին մարտի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նաեւ նշել է, որ ինքը տնտեսագետ չէ եւ իր համար դժվար է դատել, թե ինչքան  կտեւեն այդ հետեւանքները:

Ա. Իսկանդարյանի խոսքով  նավթի այժմյան գինը չի կարող չազդել Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի վրա։ «Այն կազդի ե՜ւ տնտեսական ե՜ւ աշխարհաքաղաքական առումներով, որովհետեւ Եվրոպական նախագծերում Ալժիրից գազի եւ էներգակիրների մատակարումը ռիսկի տակ է։ Այս ամենը կհանգեցնի նրան, որ կփոխվի  եվրոպական քաղաքականությունը Թուրքիայի եւ Ռուսաստանի հանդեպ»,- ասել է նա:

Քաղաքագետը նշել է, որ  Հայաստանի համար հետաքրքիր են տարածաշրջանում, մասնավորապես արաբական աշխարհում կատարվող դեպքերի հետեւանքները, որոնք դժվար է կանխատեսել, քանի որ ճգնաժամն այնտեղ շարունակում է զարգանալ:

Հիշեցնենք, որ Թունիսում սկսված հակակառավարական հուզումները շարունակվեցին Եգիպտոսում, Ալժիրում, Հորդանանում, Եմենում, Բահրեյնում եւ Լիբիայում։