Հայ ազգային կոնգրեսի վերջնագիրն անընդունելի է հայաստանյան իշխանությունների համար, սակայն երբ ՀԱԿ-ը դադարի խոսել այդ լեզվով, իշխող ուժերը նրան դեմ կբացեն իրենց դռները, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ իշխող ուժերը պատրաստ են ցանկացած օր համագործակցել ՀԱԿ-ի հետ, սակայն առանց նախապայմանների։

Իր հերթին «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ եթե վերջնագրի փոխարեն ՀԱԿ-ը կոնկրետ առաջարկություններ աներ, ապա իշխող ուժերը պատրաստ կլինեին քննարկել եւ ընդունել դրանք։

Սակայն կոալիցիոն ուժերի նման տրամաբանությունն անհասկանալի է ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի համար, ով խոստովանեց, որ չի կարդացել իշխանություններին ներկայացված 15 կետից բաղկացած ՀԱԿ վերջնագիրը։ «Ես չեմ կարդացել այն եւ դժվար թե ժամանակ գտնեմ կարդալու համար, սակայն իշխող ուժերի տրամաբանությունը ինձ համար անհասկանալի է։ Իշխանություններն ասում են, որ պատրաստ են ընդունել ՀԱԿ-ի կողմից բարձրաձայնված պայմանները, եթե դրանք նա ոչ թե վերջնագիր, այլ առաջարկություն կոչի»։

Նշենք, որ իր վերջին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ը հայտարարել էր 15 կետից բաղկացած վերջնագրի մասին եւ դրա կատարման համար Հայաստանի իշխանություններին ժամանակ տվել։