Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կազմակերպում է «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011»-ը, որի նպատակն է ցուցադրել էներգաարդյունավետության ոլորտին վերաբերվող ապրանքներ ու ծառայություններ, որոնք կաջակցեն հայ գործարարներին բարձրացնելու իրենց ձեռնարկությունների էներգաարդյունավետությունը։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է IFC-ի հանրության հետ կապերի ծառայությունից։
«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011»-ը տեղի կունենա մարտի 10-12–ը Մոսկվայի տանը, Երեւանում։ Ցուցադրության հիմնական նպատակը` Հայաստանի էներգաարդյունավետության շուկայի զարգացումն է փոքր եւ միջին ձեռնարկությունների ոլորտում, էներգաարդյունավետության վերջին նմուշների եւ նորանոր տեխնոլոգիաների ցուցադրումը, արտադրող–սպառող հարաբերությունների ամրապդումը, ինչպես նաեւ էներգաարդյունավետության վերաբերյալ հանրության իրազեկումը։
Ցուցադրությունը կազմակերպվում է IFC Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսական աջակցություն է ստանում Ավստրիայի Ֆինանսների նախարարության կողմից։ Նախագիծը ներկայացնում է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը։





























