Սոչիում մարտի 5-ին կայանալիք Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը հերթականներից չի լինելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժղովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, հավելելով, սակայն, որ մեծ սպասելիքներ դրանից, այնուամենայնիվ, չարժե ունենալ։

Հարցին, թե եռակողմ հանդիպումը հատկապես ո՞ր մասով սովորականներից չի լինի, Աթանեսյանը պատասխանեց. «Սոչիում կայանալիք հանդիպումից պարզ կդառնա՝ ղարաբաղյան հակամարտությունն ունի՞ արդյոք քաղաքական լուծում, թե՝ ոչ։ Այս տարիների ընթացքում շատ հանդիպումներ են եղել, սակայն կողմերին չի հաջողվել գտնել այն ընդհանուր հիմքը, որի վրա կարելի է առաջ տանել հակամարտության կարգավորման բանակցությունները։ Այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը պատասխանի՝ ուզո՞ւմ է ինքը խաղաղ կարգավորում, թե՝ ոչ։ Սա պարզ կդառնա հենց մարտի 5-ի հանդիպումից հետո»,- նշեց պատգամավորը։

Նա նաեւ ընդգծեց, որ ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ ձեւաչափերից առավել կարեւոր է բանակցող կողմերի դիրքորոշումները հնարավորինս մոտեցնելու տրամաբանությունը։ «Այդ դիրքորոշումները մոտեցնելու քաղաքական լծակ, սակայն չունեն ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ Ռուսաստանի կամ Ֆրանսիայի նախագահներ Մեդվեդեւն ու Սարկոզին։ Նման լծակ կարող է լինել միայն Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ամբողջությամբ ընդունել այն հայեցակարգը, որն առաջարկել են միջնորդները»,-ասաց Աթանեսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։ Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումը կկայանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։

Նշենք, որ սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։