Գյումրիի գրողներներին ժամանակ են տվել ազատելու քաղաքապետարանի մշակույթի բաժնի զբաղեցրած շենքում գտնվող 2 սենյակները: Սենյակներն արդեն վաճառված են, եւ օրերս ներկայացել է սեփականատեր հանդիսացող անձը ու սեփականության իրավունքի վկայականը ձեռքին` գրողներից պահանջել ազատել տարածքը:
Գյումրիի գրողների միության նախագահ Անդրանիկ Կարապետյանի խոսքով` Գյումրիի գրողները միշտ տարածքի խնդիր են ունեցել: Երկար թափառումներից հետո նրանց տրամադրվել է քաղաքապետարանի մշակույթի բաժնի զբաղեցրած շենքից 2 սենյակ:
«Սենյակները, որ տրամադրեցին, անմխիթար վիճակում էին, ներսում ձյուն էր, տանիք անգամ չկար, հորդորեցին վերակառուցել ու գործել: Մենք էլ մի կերպ վերանորոգեցինք, հիմա եկել-ասում են տարածքը վաճառված է, ազատեք»,- NEWS.am-ի թղթակցին պատմել է Գյումրիի գրողների միության նախագահը:
Ընդ որում տարածքը գրողներին տրամադրվել է 10 տարի ժամանակով, սակայն լրացել է միայն երեք տարին: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խոստացել է 2 սենյակ տրամադրել Գյումրիի գրողներին՝ քաղաքապետարանի նորակառույց շենքում, սակայն ժամանակավոր` մինչեւ գտնեն համապատասխան գործելու վայր:





























